ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մի՞թե վիճակված է Մեյվեզերին կրկին տեսնել ռինգում

Մի՞թե վիճակված է Մեյվեզերին կրկին տեսնել ռինգում
19.10.2018 | 03:04

Ամերիկացի հանրաճանաչ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը, որը մեծ ռինգին հրաժեշտ տվեց այդպես էլ պարտության դառնահամը չճանաչած, ինչն ինքնին բացառիկ երևույթ է համաշխարհային բռնցքամարտում, հոկտեմբերի 17-ին հաստատել է, որ միջին քաշային կարգում UFC վարկածով աշխարհի չեմպիոն ռուսաստանցու հետ իր մրցակցությունը հնարավոր է, որ կայանա:


Ավելին, աշխարհին «Փող» մականունով հայտնի 41-ամյա ամերիկացին պլանավորում է այդ մարտից վաստակել 100 միլիոն դոլար ավելի, քան վաստակել էր Կոնոր Մաքգրեգորի հետ մարտից, իսկ դրանից կազմած նրա շահույթը եղել է չորս հարյուր միլիոն դոլարի կարգի թիվ: Ի միջի այլոց, սա հենց այն Մաքգրեգորն է, որին Հաբիբը օրեր առաջ պարտության մատնեց ժամկետից շուտ՝ բանեցնելով խեղդող հնարք:


Լրագրողներին աշխարհի ամենահարուստ բռնցքամարտիկն ասել է, որ ընկերությունը (հենց ինքն էլ իր ընկերության տերն ու տիրականն է) զբաղվում է ապագա մարտի հարցերով: Անդրադառնալով այնքան էլ ոչ վաղ անցյալում շոտլանդացու հետ ունեցած մարտին, հաշվի առնելով մրցամարտի կոմերցիոն մեծ պոտենցիալը, ամերիկացին այն ժամանակ համաձայնեց ռինգ դուրս գալուն Մաքգրեգորի հետ: Հիմա նման բանի կրկնման հավանականությունը շատ մեծ է, մանավանդ որ ռուսաստանցի մարզիկը Մեյվեզերին մարտահրավեր է նետել Մաքգրեգորի հետ ունեցած մարտից անմիջապես հետո ու ակամայից մտել պատասխանատվության ծանր բեռան տակ:
Մեյվեզերի հետ պայքարը բնականաբար չի կարող լինել UFC վարկածում ու դա հաստատապնդել է Մեյվեզերը՝ ասելով, որ այդ նա է (Հաբիբ Նուրմագոմեդովը) զանգել իրեն ու մենամարտելու ցանկություն հայտնել, և քանի որ ռուսաստանցին է եղել նախաձեռնողը, բնականաբար նա պիտի գա «իր աշխարհ»:


Նման մրցամարտի հնարավոր անցկացման վայրը Ֆլոյդը դիտարկում է բացառապես Լաս Վեգասը, սակայն դեռ չի արձագանքել Հաբիբի այն բարձրաձայնմանը, որ «Մեյվեզերն անգամ չկարողացավ նոկաուտի ենթարկել Կոնորին»՝ անուղղակի ակնարկելով մարտը կայանալու դեպքում իր անվիճելի հաղթանակը:
Սակայն այնպես էլ չէ, որ Մեյվեզերը կարող էր խոսքի տակ մնալ ու իր հասցեին հնչած վիրավորանքը կուլ տալ: «Ես Մաքգրեգորի հետ նրա մարտը չեմ տեսել, սակայն լսել եմ, որ այն անճոռնի մարտ է եղել: Չեմ կասկածում, որ ինձ հետ պայքարում Հաբիբն անընդհատ ինձ փորձելու է աքցանների մեջ առնել»,- թունոտ նկատել է նա:
«Հաբիբի ու Ֆլոյդի մարտը պետք է անցկացնել Մոսկվայում, Լուժնիկիում, ամռանը, ռուսական բռնցքամարտի օրը: Մեյվեզերին Ռուսաստան բերելը ռեալ է, պարզապես նրա նախորդ մարտին համադրելի հոնորար պիտի առաջարկել, իսկ Նուրմագոմեդովին անհրաժեշտ է մինչև ամառ չափաբերման բերել բռնցքամարտիկի իր կոնդիցիաները»,- ասել է ռուսական պրոմոութեր Վլադիմիր Խրյունովը:
Եթե կարճ կապելու լինենք, երկու կողմում էլ մեծ հավակնություններով մարզիկներ են, լուրջ խնդիրներ են առաջանալու հոնորարների չափի, դրանց բաժանման, մրցամարտի անցկացման վայրի ընտրության հարցերում: Մենք ընդամենն անդրադարձանք դրանցից գլխավորներին, սակայն շարքում պակաս կարևորության հարցեր չկան, ու դրանցից թեկուզ մեկի չբավարարումը կարող է բերել ակնկալվելիք մարտի այդպես էլ չկայացման: Մի խոսքով, դեռ այնքան բաներ են ասվելու այս մրցամարտի մասին, որ այդ ընթացքում մարզասերը կհասցնի հիմնավորապես զզվել ամեն ինչից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ